1․ Ներածություն․ վարժությունների պատասխաններ

Ներբեռնել


1.1. Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։

  1. 1․1․ Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։

երգէ

  1. 1․2․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։

տեսանէք

  1. 1․3․ (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:

գայ, բերէ

  1. 1․4․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։

տիրեն, գործէք, աշխատիք, բերէք, տայք

  1. 1․5․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:

ծնանի

  1. 1․6․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:

► արկանէ

 

Ծանոթություններ

✅ Գրաբարյան սահմանական ներկա ժամանակաձևի մասին նախնական տեղեկություններ և չորս բայերի (մնամ, բերեմ, նստիմ, արգելում) հարացույցներ արդեն տեսել եք ներածական դասում՝ § 1.4: Ավելի մանրամասն՝ հաջորդ դասերին։ Բայց այս փուլում էլ ընդգծեմ, որ գրաբարում ներկան կազմվել է այդ պարզ ձևերով՝ առանց դերբայի ու օժանդակ բայի․ այսինքն՝ մնամ նշանակում է ‘մնում եմ’ (սահմանական ներկա, եզակի 1-ին դեմք):

✅ Նկատե՛ք, որ

1.1.3-ի երկու բայաձևերն էլ նույն ժամանակաձևի նույն թիվն ու դեմքն են՝ սահմանական ներկա, եզակի 3-րդ դեմք, այսինքն՝ գայ նշանակում է ‘գալիս է’, բերէ նշանակում է ‘բերում է’․

5-րդ դարում ե-ն եղել է բաց ε ձայնավոր, իսկ է-ն` փակ e (é) ձայնավոր։ Վերջինս ըստ էության երկբարբառակերպ է, քանի որ ավելի վաղ՝ նախագրային շրջանում, եղել է [ei] երկբարբառ։ Հետևաբար հեշտ է նշված բայաձևերի սիմետրիան տեսնելը․

5-րդ դար մինչ 5-րդ դար 5-րդ դար
գամ *բերեմ բերեմ
գաս *բերես բերես
գայ *բերեյ բերէ

✅ Ոմանք, օրինակ, 1.1.1-ին պատասխանել են երգի, իսկ 1.1.6-ին՝ արկանի։ Սա նշանակում է, որ դասի (§ 1.4) հարացույցները լավ սերտելու փոխարեն առաջնորդվում եք հոտառությամբ կամ արդի ընկալմամբ։ Դասի մեջ տեսնում եք, որ ե խոնարհման բայերն ունեն հետևյալ հարացույցը՝ բերեմ ‘բերում եմ’ (1-ին դեմք), բերես ‘բերում ես’ (2-րդ դեմք), բերէ ‘բերում է’ (3-րդ դեմք) և այլն։ Վարժության մեջ նշված են այդ բայերի ելակետային ձևերը՝ երգեմ ՛երգում եմ՛ և արկանեմ ՛գցում եմ, լցնում եմ՛, որ ենթադրում են 3-րդ եզակի երգէ ‘երգում է’ և արկանէ ‘գցում է, լցնում է’։

Հակառակ օրինակ էլ կա․ ծնանի-ի փոխարեն գրում եք ծնանէ, այնինչ տվածս ելակետային ծնանիմ ձևը ցույց է տալիս, որ գործ ունենք ի խոնարհման բայի հետ։

 

1.2. Թարգմանեք արդի հայերեն

  հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց

«Հակոբի՝ նրանց/իրենց հոր հետ միասին» (գործիական հոլովի բառացի ընկալմամբ՝ «Հակոբով՝ նրանց հորով»)։

 

Ծանոթություն

✅ Դասի տեքստից (§ 1.3) պիտի արդեն հստակ լիներ, որ հար-բ ձևը հայր բառի եզակի գործիական հոլովաձևն է։ Այսինքն՝ այն հենց Յակոբ-ա-ւ ձևին ա առնչվում․ երկուսն էլ եզակի գործիական են, արևելահայերեն՝ «Հակոբով՝ հորով»։

✅ Ընդ որում՝ գրաբարյան գործիականի ցուցիչն է՛լ, -ի նման, սերում է հնդեվրոպական *-bhi- ձևույթից։ Պարզապես *-bh պայթականը հայերենում հիմնականում տալիս է բ, բայց ձայնավորամեջ դիրքում շփականանում է ու դառնում է -ւ-։ Այս պատճառով էլ ունենք

անուամ-բ ու հար-բ

vs.

լեզու-ա-ւ ու սրտ-ի-ւ։   

 

1.3. Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն. բայց որ զկնի[ն] իմ գայ հզաւրագոյն է քան զիս:

«Ես ձեզ մկրտում եմ ջրով` ապաշխարության համար, բայց նա, որ գալիս է (գալու է, պիտի գա) ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է»:

 

Ծանոթություններ

✅ Այս նախադասությունը Մատթէոս գ.11-ից է (Զօհրապեան 1805.4. 9; Künzle 1984.1. 6): Հեշտ է գուշակելը, որ սրանք Հովհաննես Մկրտիչի բառերն են Հիսուսի մասին: Սահմանական եղանակի ներկան (ինչպես նաև անցյալ անկատարը) գրաբարում հաճախ գործածվում էր նաև ստորադասականի փոխարեն (օրինակ` յորժամ արգելուս «երբ արգելես»):

🔵 Քննվող նախադասության մեջ սահմանական ներկայի երկու գործածություն կա:

• Դրանցից առաջինը գործածված է հենց ներկայի իմաստով` մկրտեմ ‘մկրտում եմ’:

• Իսկ մյուսը` գայ, այստեղ ունի ապառնիի իմաստ` ‘գալու է, պիտի գա’:

✅  Ձեզնից ոմանք յապաշխարութի՟ համառոտագրությունը մեկնաբանել են -ութեան և աշխարհաբար թարգմանությունն էլ տվել են այդպես՝ ‘ապաշխարության’։ Սակայն այդ դեպքում կունենայինք -ութե՟։ Ճիշտ ընթերցումն է՝ յապաշխարութիւն ‘ապաշխարության համար՝ նպատակով’։

 

1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․

Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։

Հնդեվրոպական են հետևյալ լեզուները՝ պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, տաջիկերեն, խեթերեն, փռյուգերեն։

 

Ծանոթություն

✅ Նկատելի է, օրինակ, որ հնդեվրոպական լեզուների ցանկից հաճախ սխալմամբ դուրս եք դնում հայերենի համար շատ կարևոր ցեղակից լեզուներից մեկը՝ փռյուգերենը։

 

1.5. Ինչպե՞ս են կոչվել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։

Լեզվական այս հանրությունը կոչում ենք «հնդեվրոպական», քանի որ այս նախալեզվի ժառանգները հազարամյակների ընթացքում տարածվել են Եվրասիայով մեկ ու պատմական ժամանակներում հիմնականում ընդգրել են Եվրոպայի ծայր արևմուտքից մինչև Հնդկաստան ընկած տարածքները։ Այս  անվանումը զուտ պայմանական է: Նախալեզվի տրոհման ժամանակներում, այսինքն՝ մ․թ․ա․ V-IV հազարամյակների ընթացքում և դրանից որոշ ժամանակ անց էլ, այդ հանրությունը գիր չի ունեցել, կամ էլ մենք չունենք տվյալներ այդ մասին։ Հնդեվրոպական առանձին լեզուներով ամենահին գրավոր հուշարձանները գտնում ենք մ․թ․ա․ II հազարամյակից։ Հետևաբար մենք չգիտենք, թե ինչպես են նրանք կոչվել իրենց կամ այլ էթնիկական ավանդույթներում:

 

1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն  ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրե՛ք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։

Դասի §§ 1.3-1.4-ից սովորեցինք, որ հնդեվրոպական *mātēr ‘մայր’ բառի սեռական հոլովաձևը՝ *mātros ‘մոր, մայրիկի’, հայերենում տվել է մաւր/մօր  ‘մոր, մայրիկի’։ Այսինքն՝ *-tr- հնչակապակցությունը դառնում է հայ․ *-ðr- (որտեղ ð = ձայնեղ ատամնային շփական)> -ւր-։ Հետևաբար հունարեն  ἄροτρον [árotron], լատիներեն arātrum և մյուս բառերի հնդեվրոպական *arətrom նախաձևը կտար հայերեն արաւր/արօր ‘հողը հերկելու գործիք՝ արոր’։ Սովորեցինք նաև, որ նախագրային շրջանում հայերենում շեշտը եղել է վերջընթեր, այսինքն՝ ընկել է վերջից երկրորդ վանկի ձայնավորի վրա։ Հետևաբար․

ա) հնդեվրոպական *arətrom նախաձևը հայերենում տվել է նախ *aráðro(h) > *արա՛ւրո(հ)

բ) ապա բառավերջի անշեշտ վանկի անկումով ստանում ենք արաւր (արօր):

 

1.7. Վերակազմե՛ք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշե՛ք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։

Նույն դասից (§§ 1.3-1.4) իմացանք, որ հնդեվրոպական խուլ պայթականները՝ *p *t *k, հունարենում մնում են անփոփոխ։ Իսկ հայերենում խնդիրն ավելի բարդ է՝ բառասկզբի *p-ն դառնում է *f- > հ-, իսկ ձայնավորամեջ դիրքում *-t-ն կորչում է կամ որոշակի պայմաններում վերածվում է յ-ի, հմմտ․ հնդեվրոպական *patēr ‘հայր’ > հունարեն πατήρ [patēr] ‘հայր’ vs. հայերեն հայր ‘հայր’: Հետևաբար․

ա) հունարեն πέρυτι [péruti] բառը ենթադրում է նախալեզվի՝ հնդեվրոպական *peruti նախաձև․

բ) հնդեվրոպական *peruti նախաձևը հայերենում տվել է նախ *ferúði (նկատե՛ք վերջընթեր շեշտը, որի շուրջ տես նախորդ կետում),

գ) վերջինս էլ բառավերջի անշեշտ վանկի անկումով տվել է *հերո՛ւ(ð)ի > հերու։ Եվ իսկապե՛ս, հայերենի հին ու նոր փուլերում ու բազում բարբառներում ունենք հերու մակբայը, որ նշանակում է ‘անցյալ տարի’. ու դրա վերոհիշյալ հունարեն ցեղակիցը՝ πέρυτι [péruti], նույնպես մակբայ է հենց այդ նույն իմաստով։ Փաստորեն՝ ունենք անթերի երկպլան (ձևի ու բովանդակության) համապատասխանություն։

 

Ծանոթություն

✅ Պատասխանների մեջ տեսա մի կարծիք, թե՝ հուն․ πέρυτι < πέρυσι։ Իրականում σ-ն երկրորդային է․ հունական բառի հնդեվրոպական նախաձևն է, ինչպես տեսանք, *peruti:

 

1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։

Նույն դասի § 1.4-ից իմացանք, որ հնդեվրոպական նախալեզվի *bh շնչեղ ձայնեղ պայթականը սանսկրիտում մնում է անփոփոխ bh, հունարենում խլանալով դառնում է φ [ph], իսկ հայերենում և մյուս լեզուներում շնչազրկվելով տալիս է b: Այսպես՝ հնդեվրոպական սահմանական եղանակի եզակի 3-րդ դեմքի *bhér-e-ti ‘բերում է’ նախաձևից ունենք սանսկրիտ bhárati, հունարեն φέρει, գոթերեն bairiþ, եկեղեցասլավ. beretъ և այլն, բոլորը նշանակում են ‘բերում է’ (սահմ. եղանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք)։

Արդեն մեզ քաջ ծանոթ օրենքներով իսկույն տեսնում ենք, որ այս հնդեվրոպական *bhér-e-ti ‘բերում է’ նախաձևը տվել է հայ․ *beréy(i) (հիշենք, որ նախագրային հայերենում շեշտն ընկնում էր վերջընթեր՝ վերջից երկրորդ վանկի վրա) > բերէ ‘բերում է’։

Հասկանալի է, որ վարժության մեջ նշված ձևերը՝ հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete, որ ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են և նշանակում են ‘բերում եք’, ենթադրում են հնդեվրոպական *bhér-e-te ‘բերում եք’ նախաձև։ Քանի որ բառավերջի անշեշտ ձայնավորը հայերենում ընկնում է, ապա հասկանալի է, որ այդ *bhér-e-te ‘բերում եք’ նախաձևը հայերենում տալիս է *beréy(e) > *բերէ, այսինքն՝ ձևով կհամընկներ *bhér-e-ti ‘բերում է’ նախաձևի բերէ արդյունքին։ Համանունությունը վերանում է հոգնակի -ք- մասնիկի շնորհիվ, այսպես՝

բերէ բերում է (եզակի 3-րդ դեմք)

vs.

բերէ-ք ‘բերում եք’ (հոգնակի 2-րդ դեմք):

 

 

Ծանոթություն

Հավանաբար գիտեք, բայց այդուամենայնիվ ասեմ՝ vs.-ը լատիներեն versus ‘ընդդեմ, դիմաց’ բառի համառոտ ձևն է և տվյալ դեպքում գործածվում է լեզվական հակադրաձևերը տրոհելու համար։  

 

բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008 Leiden University)

[email protected]

22/31.03.2


1. Ներածություն․ վարժություններ

«1․ Ներածություն․ վարժությունների պատասխաններ» գրառումը ունի 4 պատասխան

  1. Այս անգամ չհասցրի պատասխանել հարցերին, բայց հետո ուսումնասիրեցի և՛ տեսական մասը, և՛ գործնականը՝ հարցերի տեսքով։
    Ապշած եմ Ձեր հայանվեր ու անշահախնդիր գործունեության այստեսակ չափերից ու որակից։
    Ձեր անունը կմնա հայ լեզվաբանության մեջ ոսկե տառերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


The maximum upload file size: 3 MB.
You can upload: image, audio, video, document, spreadsheet, archive.